Հասարակություն

Ներկայացվել է մարզային բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:

«Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել:

Անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մարզային բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները, առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերը, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման գործընթացը, բժիշկների լիցենզավորումը վերսկսելու կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բուժօգնության մեծ ծածկույթ ապահովող փուլային գործընթաց է լինելու, և մոդելի մշակման հարցում խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել Նիդերլանդներից ժամանած անկախ փորձագետները:

Դեսպանը նշել է, որ այցելել է մարզեր, ծանոթացել կարիքներին, և պատրաստակամություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալել:

Կարևորելով բժշկագիտության ոլորտի առաջընթացը` կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: