Հասարակություն

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի

2025-ի ընթացքում Team Telecom Armenia-ն բջջային ցանցի լայնածավալ արդիականացում կիրականացնի Երևանում, մարզերում և միջպետական ճանապարհներին:

Այս գործընթացը զգալիորեն կընդլայնի ցանցի ծածկույթը, կբարձրացնի բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը՝ բնակչության ավելի լայն շրջանակներին թույլ տալով օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։

«Այս տարի մեր ռեսուրսներն ու ուշադրությունը կենտրոնացնելու ենք բջջային ցանցի արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեշտակի լավացնելու ծառայությունների որակը։ Հավակնոտ այս նախագիծն իրականություն է դառնում նաև շնորհիվ մեր NGN օպտիկամանրաթելային ցանցի, որը բջջային կայաններն իրար է կապում հուսալի, անվտանգ ու գերարագ ստորգետնյա ենթակառուցվածքով»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջին փուլով բջջային ցանցը վերազինվելու է Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում։ Այստեղ ընկերությունը 30%-ով կավելացնի բազային կայանների քանակը, նոր տեխնոլոգիաներ կներդնի արդեն իսկ գործող կայաններում, ինչը  էապես կբարձրացնի թե՛ ձայնային, թե՛ ինտերնետ ծառայությունների որակը:

Այնուհետև կատարվելու են միջպետական ճանապարհների բջջային ծածկույթի ընդլայնման աշխատանքները․ այդ ուղիներով երթևեկելիս Team-ի բաժանորդներն ապահովված կլինեն էլ ավելի արագ ու կայուն կապով:

Հաջորդիվ մեկնարկելու են 4G ծածկույթի բարելավման և 5G ցանցի գործարկման ծավալուն աշխատանքները Երևանում: Team-ը բջջային ցանցը կվերազինի նաև այլ մարզերում, որի մանրամասները կներկայացվեն հավելյալ: