Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարության հետ հուշագիր է կնքվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։

Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝
Գործարար միջավայրի բարելավում,
Պետություն-մասնավոր համագործակցության խորացում,
Շինարարության և կառուցապատման ոլորտի ձեռնարկատիրությունների խթանում,
Օրենսդրական դաշտի կատարելագործում։
Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են գործել համատեղ՝ օգտագործելով իրենց լիազորությունները, գործառույթներն ու հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման համար։
Համագործակցության հիմնական ուղղություններն են՝
Միմյանց աջակցություն ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում,
Օրենսդրական նախաձեռնությունների մշակում և անհրաժեշտ իրավական ակտերի առաջարկում,
Կառուցապատման և շինարարության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս եռակողմ հուշագիրը ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. «Սա կարևոր քայլ է ոլորտի կայուն զարգացման և տնտեսության ընդհանուր առաջընթացի ապահովման ուղղությամբ»։