Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կրկին խաղաղության կոչ է արել այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ սպանվել են քաղաքացիական պատերազմի հետևանքով։ Նշվում է, որ սրանք 13 տարվա մեջ ամենասարսափելի բռնություններն են։ Դրանք տեղի են ունենում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների և երկրի նոր իսլամիստ կառավարիչների աջակիցների միջև, գրում է Reuters-ը:
4 օր շարունակվող բախումների արդյունքում, ըստ պատերազմի մոնիթորինգի խմբի, արդեն 1000 մարդ է զոհվել, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։
Սիրիական անվտանգության աղբյուրը հայտնել է, որ մարտերի տեմպերը դանդաղել են Լաթաքիա, Ջաբլա և Բանիյաս քաղաքների շուրջ։
Ժամանակավոր նախագահ Շարաան սիրիացիներին կոչ է արել թույլ չտալ, որ աղանդավորական լարվածությունն էլ ավելի ապակայունացնի երկիրը:
«Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունը և ներքին խաղաղությունը, մենք կարող ենք միասին ապրել», - ասել է Շարաան տարածված տեսանյութում ՝ ելույթ ունենալով Դամասկոսում։