Հասարակություն

Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիմոն Վրացյան փողոցում՝ «Դինամոյի» դիմաց, ֆուտբոլի դրամարկղի մոտ 7-ից 8 անձանց միջև ծեծկռտուք է և կռիվ, հնչում են հայհոյանքներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Դավիթ Ե․-ն ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 34-ամյա Զորհաբ Բ․-ի, 22-ամյա Սիսակ Բ․-ի և 31-ամյա Յուրի Ե․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը:

 Ծեծկռտուքի ընթացքում Յուրի Ե․-ն և Սիսակ Բ․-ն ստացել են դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանություն Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։