SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օդամղիչ հրացանով» կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «Ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Ս․-ն է։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։