Հարցազրույց

Իրավաբանի մասնագիտության իմ ամենասիրելի կողմը պաշտպանելու կարողությունն է․ Աննա Վարդապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։

– Տիկին Վարդապետյան, այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը։ Զրույցի սկզբում թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում։ Այս տոնն առավելապես առնչություն ունի Ձեր մասնագիտության և պաշտոնի հետ։ Որքանո՞վ է այսօր Հայաստանում պաշտպանված կնոջ իրավունքը։

- Շնորհակալ եմ։ Իրավաբանի մասնագիտության իմ ամենասիրելի կողմը գիտե՞ք որն է. պաշտպանելու կարողությունը: Ու եթե հետևենք լեգենդներում և առասպելներում կանանց արխետիպերի զարգացմանը, ապա կնկատենք, որ կնոջ կերպարը բոլոր մշակույթներում կապված է պաշտպանության հետ: Անահիտ, Աստղիկ, Նանե, Աթենաս, Արեմիս, Թեմիս, Աֆրոդիտե բոլորը պաշտպանում են և ոչ թե պաշտպանություն են հայցում:

Որպես իրավաբանի մասնագիտության սկզբունքների վրա իր աշխարհայացքը ձևավորող կին՝ ես կարծում եմ, որ կանանց իրավունքների մասին քննարկումների ուղեծիրն անհրաժեշտ է փոխել և պաշտպանություն հայցող կանանց կերպարին հակադրել պատասխանատվություն ստանձնելուն ու որոշումներ կայացնելուն ունակ, բարեկիրթ, պրոֆեսիոնալ, ապրումակցելուն ունակ կնոջ կերպարը, ով ինքն է պաշտպան այլոց համար:

– Սովորաբար ինչպե՞ս եք սիրում նշել Մարտի 8-ը։

- Այսօր ինձ համար աշխատանքային օր է, որը պարբերաբար կընդմիջվի սիրելի կանանց շնորհավորելու րոպեներով:

– Դուք ինչպե՞ս եք ուրախացնում Ձեր սիրելի կանանց Մարտի 8-ին, սովորաբար ինչ եք սիրում նվիրել նրանց։

Սիրում եմ նվիրել: Նվերներն ընտրում եմ ինքս, սիրով ու շատ մտածված:

– Տիկին Վարդապետյան, քանի որ այս զրույցը տոնական է, ցանկանում եմ հարցնել՝ շարունակո՞ւմ եք բալետ պարել, եթե այո, ինչ արդյունքներ եք գրանցել, եթե ոչ՝ ինչու։

- Բալետն ինձ համար անակնկալիք աշխատանքի, նվիրումի ու էսթետիկայի ներդաշնակություն է: Ցավոք, աշխատանքային ծանրաբեռնվածությունն այլևս թույլ չի տալիս կանոնավոր ժամանակ նվիրել բալետին, բայց դա իմ «գաղտնի այգին» է, ուր ես վերադառնում եմ հոգեկան հավասարակշռությունը վերագտնելու համար:

– Գլխավոր դատախազի պաշտոնը անձնապես ինչ է տալիս Ձեզ և ինչ է վերցնում։

- Մարդկանց ու ինքս ինձ ճանաչելու հնարավորություն, պատասխանատվություն ստանձնելու և որոշումներ կայացնելու համարձակություն, հայրենիքիս ծառայելու պատիվ, հանցագործությունից տուժած անձին պաշտպանելու կարողություն, պետությանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների համար լուռ ուրախություն: Ես սիրում եմ իմ մասնագիտությունն ու աշխատանքը ու... այդ սերը փոխադարձ է:

– Հայաստանում բարձրաստիճան կին պաշտոնյաների թիվը գնալով մեծանում է։ Թեև սեռով պայմանավորված պաշտոնների նշանակման մասին խոսելն այլևս ժամանակավրեպ է, բայց այնուամենայնիվ, ղեկավարելու առումով ի՞նչ են կարողանում ավելի լավ անել կանայք, որ չեն կարողանում անել տղամարդիկ։

- Ես երբեք չեմ դիտարկել ղեկավարումը գենդերային տեսանկյունից։ Կանայք ու տղամարդիկ առաջնորդում են տարբեր կերպ, բայց դա պայմանավորված է ոչ թե սեռով, այլ նրանց անհատականությամբ ու կառավարման հմտություններով:

Կնոջ ուժեղ ելակետը հասարակության կողմից նրան ներկայացվող խիստ պահանջներն են, որոնք կոփում են կամային հատկանիշներ: Ճիշտ է, շատ դեպքերում կինը պետք է կրկնակի ջանք գործադրի՝ իր մասնագիտական ունակություններն ապացուցելու և հասարակությունում ղեկավար դիրք զբաղեցնելու համար, սակայն այդ ջանքի շնորհիվ կնոջ մոտ ձևավորվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են զսպվածությունը, ստրատեգիական մտածողությունը, համբերությունը և ապրումակցման կարողությունը։ Այս հատկանիշները ժամանակակից աշխարհում ղեկավարի համար հիմնարար նշանակություն ունեն:

Հայկ Մագոյան