Հասարակություն

Միջոցառում Աթենքում՝ նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 33-ամյակին, Կանանց միջազգային և Հայ դիվանագետի օրերին

Մարտի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Աթենքի Միխալիս Կակոյանիս հիմնադրամում և վերջինիս համակազմակերպմամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցության 33-րդ հոբելյանին, կանանց միջազգային և Հայ դիվանագետի օրերին:

Միջոցառմանը ցուցադրվեց Միմի Մալայանի նկարահանած, մրցանակակիր “Stateless Diplomat” վավերագրական ֆիլմը` նվիրված Դիանա Աբգարին, հունարեն ենթագրերով։
Միջոցառմանը ելույթի խոսքերով հանդես եկան Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և «Դիանա Աբգար» Հիմնադրամի համահիմնադիր Հրաչյա Մարգարյանը:

Դեսպան Մկրտչյանը նախ անդրադարձավ 1992 թ. ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության պատմությանը, որի համատեքստում և 2012 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց մարտի 2-ը սահմանել որպես հայ դիվանագետի օր։

Դեսպանն ընդգծեց, որ Դիանա Աբգարի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմում արծարծվող թեմաներից շատերը շարունակում են արդիական մնալ։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց Դիանա Աբգարի կյանքի և գործունեության վերաբերյալ։

"1920 թ. հուլիսին Աբգարին Հեռավոր Արևելքում Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս նշանակելիս այն ժամանակ արտաքին գործերի նախարարի` Համազասպ Օհանջանյանի կողմից ավելացվում է հետևյալ գրությունը. "որպեսզի պաշտպանեք նորաստեղծ Հայրենիքի շահերը և մեղմացնեք մեր հայրենակիցների կացության պայմանները:" Այդ ուղերձը շարունակում է արդիական մնալ նաև մեր օրերում," - նշեց դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպանն իր խոսքն ավարտեց շնորհավորելով կանանց միջազգային օրվա| մարտի 8 ի կապակցությամբ և ընդգծելով այդ թվում և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակազմում նրանց ունեցած էական դերը։
Հայաստանից միջոցառման մասնակցության համար ժամանած Դիանա Աբգար հիմնադրամի համահիմնադիր Հրաչյա Մարգարյանը ներկայացրեց հիմնադրամի աշխատանքները և

Դիանա Աբգարի ժառանգությունը հանրայնացնելուն ուղղված հիմնադրամի առաջիկա քայլերը։

ՀՀ դեսպանության կողմից բաժանվեցին վարդեր միջոցառմանը ներկա գտնվող կանանց: