Հասարակություն

Կանայք՝ Հայաստանի կառավարությունում

Հայաստանում այսօրվանից մեկնարկում է կանանց միամսյակը։ Նկատենք, որ Հայաստանի անկախ պատմության մեջ գործող կառավարությունը առաջինն է՝ կանանց ամենաշատ ներգրավվածությամբ։ Նախկինում ևս եղել են կին նախարարներ, սակայն այս կառավարության կազմում նրանք չորսն են, նաև՝ կանայք զբաղեցնում են մի շարք առանցքային պաշտոններ տարբեր ոլորտներու՝ ՀՀ գլխավոր դատախազ, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար և այլն։

Այս առթիվ Radar Armenia-ն ներկայացնում է չորս կին նախարարներին։

Անահիտ Ավանեսյան – ՀՀ առողջապահության նախարար

Նա կին նախարարների մեջ ամենաերկարն է պաշտոնավարում․ նշանակվել է 2021 թ. հունվարին։

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում։ Ունի իրավաբանական կրթություն՝ ստացած Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպություններում և դեղագործական ոլորտում։ Երկար տարիներ զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ-ի տնօրենի, ապա՝ գլխավոր տնօրենի պաշտոնը։

Բացի այդ, նա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել։ 2018 թ. նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։

2021թ. հունվարից ՀՀ առողջապահության նախարարն է։

Երեք երեխաների մայր է։

Ժաննա Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականի փետրվարի 14-ին Վրաստանում։ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է։ Ատենախոսության թեման եղել է «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները»։

Անդրեասյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։

Կառավարություն է եկել 2019թ. նախ՝ նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ապա՝ 2020 թ. նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ։

2022 թվական դեկտեմբերից զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Ունի երկու դուստր։

Սրբուհի Գալյան – ՀՀ արդարադատության նախարար

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին։ Մասնագիտությամբ իրավաբան է, մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում։ Երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակներում են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, խոշտանգման և դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի հիմնախնդիրները։

Նախկինում աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ապա եղել է արդարադատության փոխնախարար, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ համակարգելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը։

Սրբուհի Գալյանը 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Ունի մեկ դուստր։

Արփինե Սարգսյան – ՀՀ ներքին գործերի նախարար

Արփինե Սարգսյանը կին նախարարների մեջ ամենաերիտասարդն է, ինչպես նաև ամենավերջինն է նշանակվել։

Նա ծնվել է 1994թ. ապրիլի 14-ին Վեդիում։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է ԵՊՀ-ն, որտեղ էլ ներկայումս դասավանդում է։ Սարգսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ է, իսկ ատենախոսության թեմա է ընտրել «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»։

Արփինե Սարգսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարությունում,  ապա՝ 2022թ. նշանակվել արդարադատության փոխնախարար։

2023թ. նշանակվել է ՆԳ փոխնախարար, իսկ 2024թ. նոյեմբերից՝ ՀՀ ներքին գործերի նախարար։

Ամուսնացած է։

Նշենք, որ կանայք են գլխավորում նաև մի քանի այլ առանցքային ոլորտներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան։

Տարբեր տարիներին Հայաստանում նախարարի պաշտոն են զբաղեցրել նաև այլ կին գործիչներ։

Կարինե Դանիելյանը եղել է ՀՀ բնապահպանության առաջին նախարարը՝ 1991-1994թթ։

Հրանուշ Հակոբյանը գլխավորել է երկու նախարարություն. 1996-1998թթ եղել է Սոցիալական ապահովության նախարար,  ապա՝ 2008-2018թթ.՝ Սփյուռքի նախարար։ 

Արփինե Հովհաննիսյանը եղել է Արդարադատության նախարար 2015-2017թթ, 

Թամարա Պողոսյանը՝ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար 2003-2004թթ, 

Հասմիկ Պողոսյանը՝ Մշակույթի նախարար 2007-2016թթ, 

Լիլիթ Մակունցը՝ Մշակույթի նախարար 2018-2019թթ, 

Զարուհի Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 2019-2020թթ.։

Պատրաստեց՝ Ա. Գալոյանը