ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Թումոյի» զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:
Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում և Կողբում գործող կենտրոններից բացի Թումոներ կան Փարիզում, Բեռլինում, Լիոնում, Մանհեյմում, Կոիմբրայում, Տիրանայում, Լիսաբոնում, շուտով կբացվի Լոս Անջելեսի կենտրոնը։
Կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախարարին է ներկայացրել գործող «Թումո» կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները, պատմել միջազգային կենտրոնների, Թումոյի մի շարք նախաձեռնությունների մասին: «Թումոյի» կրթությունն այժմ հասանելի է Հայաստանի 25.000 պատանիների, սակայն նպատակն է հնարավորություն տալ շաբաթական 80.000 պատանու Հայաստանի բոլոր անկյուններում ստանալ նորարարական կրթություն:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիների համար ստեղծում է ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների և աշխատարանների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։