ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված Թաթուլ Միրզոյանը մարտի 4-ին գրանցել է իր հերթական ռեկորդը՝ պառկած դիրքից 30 կիլոգրամանոց ծանրաձողը հրելով 222 անգամ։
Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմը, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը:
Թաթուլ Միրզոյանի նվաճումը գրանցվելու է «Դյուցազնագրքում», իսկ Վարդան Թովմասյանը դատապարտյալ Թաթուլ Միրզոյանին հանձնել է նախկին ռեկորդը փաստող հավաստագիր․ վերջինս ձեռքերով 16 կիլոգրամանոց կշռաքարով անընդմեջ ուսագոտուց հրում վեր վարժությունը կատարել էր 2000 անգամ 1 ժամ 18 րոպե ժամանակահատվածում։