Հասարակություն

Գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ։ Այլ խնդրով հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի մոտ գլխուղեղի գոյացությունը պատահաբար է հայտնաբերվել: Մայրը պատմում է՝ ընկել էր տղան, գլխուղեղի ցնցման կասկածով դիմել են հիվանդանոց, հետազոտվել է ու պարզվել, որ տղայի մոտ առկա է գլխուղեղի մեծածավալ ուռուցք:

Ծնողները մինչ երեխայի ընկնելը նկատել են թուլություն, քայլվածքի շեղում և մտածել, որ վիրուսից լավ չապաքինվելու հետևանք է: Մինչդեռ երեխայի հավասարակշռությունը կորցնելու պատճառը եզակի բարդ տեղակայմամբ ու մեծ չափերով ուռուցքն է եղել:

«Մանկական տարիքում նման գոյացություններն ավելի հազվադեպ են հանդիպում, հատկապես այս ծավալի և այսպիսի մեծ չափերով: Մոտավորապես 6-7 սմ չափերով, բավական մեծ գոյացություն էր: Քանի որ հաճախ ենք քննարկում օնկոլոգների հետ նման դեպքերը, սա Հայաստանում հանդիպած երևի թե եզակի այսպիսի տեղակայման և մեծ գոյացություն էր, որը հայտնաբերվել էր և անհրաժեշտ էր անհապաղ հեռացնել, քանի որ հակառակ դեպքում ախտանիշները կարող էին պրոգրեսիվել, ինչը կարող էր ընդհուպ անբարենպաստ ելքի հանգեցնել»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Այս մեթոդը մանկական տարիքում աշխարհում սկսվել է կիրառվել եվրոպական երկրներում, և այսօր այն հասանելի է նաև Հայաստանում։ «Սուրբ Աստվածամայր»-ը Հայաստանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ արդեն մի քանի անգամ կիրառվել է մանկական տարիքում գլխուղեղի ուռուցքների հեռացման ֆլուորեսցենտային եղանակը: Այս դեպքում՝ ևս:

«Այս գոյացությունն այն տեսակի էր, որը մեզ հնարավորություն տվեց հատուկ միկրոսկոպիկ՝ ֆլուորեսցենտային եղանակով ներկման միջոցով վիրահատության ժամանակ ավելի ակցենտավորել կամ ներկել գոյացությունը, քանի որ այսօր մեր բժշկական կենտրոնը հագեցած է այնպիսի մանրադիտակով, որը հնարավորություն է տալիս այդ եղանակը կիրառել, հատկապես եթե դրանք գլիալ գոյացություններ են։ Հետին գանգափոսի գոյացություն, որը տարածվում էր ավելի վեր՝ դեպի փորոքային համակարգ՝ սեղմելով այն, լայնացնելով փորոքները և սեղմելով կենսական կարևոր կենտրոններին»,- մանրամասնել է բժիշկը:

Տվյալ դեպքում խորը սերտաճած ուռուցքի հեռացումն այդ եղանակով անհրաժեշտություն է եղել: Հետվիրահատական շրջանում կատարված ՄՌՏ հետազոտությամբ հաստատվել է գոյացության ամբողջական հեռացումը և լիկվորի շրջանառության վերականգնումը։

«Ի դեպ, քանի որ համագործակցում ենք Իսրայելի, ԱՄՆ-ի, ՄԹ մեր գործընկերների հետ՝ այս դեպքի քննարկման ժամանակ մեր գործընկերները որոշ մտահոգություններ ունեին գոյացության հնարավոր ամբողջական հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի հետագա խնդիրների վերաբերյալ։ Գոյացության հեռացումից հետո Իսրայելից և ԱՄՆ-ից ստացանք պատասխան․ հաճելի զարմացած էին լիարժեք հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի վերականգնման արդյունքներով, որը թույլ տվեց խուսափել նաև հետագա շունտավորումից»,- ասել է նա բժիշկը։

Երեխան արդեն հաղթահարել է հետվիրահատական ամենաբարդ փուլը, վերականգնողական շրջանն ու հետագա բուժումն անցկացնելու է մասնագետների հսկողության ներքո: