ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Արմեն Խաչատրյանն առաջարկում են վարորդների տուգանային 9 միավորը դարձնել 13։
Սիմոնյանը նշել է, որ այս նախագիծը ներկայացրել են՝ հաշվի առնելով վարորդների դիմումները։ «Այն դեպքերում, երբ անելիք ունենք, պետք է անենք, խստացնենք։ Շատ բաներ խստանում է։ Օրինակ՝ ես համարում եմ, որ ազդանշան տալու հետ կապված պետք է հասկանանք։ Էդ «սիգնալ» տալը, որ մեկը «սիգնալ» է տալիս, մյուսը ավելի երկար պատասխանում է, հետո էն մյուսը երկու հատ կարճ է տալիս, մի հատ երկար։ Ու մի ամբողջ լեզու է ձևավորվել «սիգնալով» իրար հայհոյելու, իրար հետ հարաբերություններ պարզելու՝ վարելու ընթացքում, որն էլ հետո վերածվում է կռվի»։ Ըստ նրա, նույնը նաև մեքենաներից հնչող երաժշտության դեպքում. «Տպավորություն է, որ հենց նոր խորովածը բերել են մեքենայի մեջ ու նշում են, փոքր նվագախումբ է նստած»։
Նա որպես օրենքի համահեղինակ, կոչ արեց խստացնել նման դեպքերը, բայց իրավիճակն ավելի մեղմացնելուն ուղղված նախագիծն ուղղված է կոնկրետ սեգմենտի մարդկանց՝ ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող անձանց։