Հասարակություն

Կառավարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ օրական 8 ժամից դարձնելով 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40-ից 35 ժամ: Ընդ որում, ըստ նախագծի, աշխատավարձը կմնա անփոփոխ:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ թեև նախագիծը դեռ պաշտոնապես չի ներկայացվել ԱԺ-ին, այնուամենայնիվ, կարևոր է համարվել այն քննարկել այս փուլում՝ լսելու պատգամավորների և սոցիալական գործընկերների կարծիքները: Նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում և ստացել է ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ:

«Մենք քննարկում ենք ավելի քան 160 տարի գործող հնացած համակարգ: 21-րդ դարում ժամանակն է վերանայել աշխատաժամանակի կրճատման հնարավորությունը», - ընդգծել է նա:

Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կբարելավի աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը՝ ավելացնելով հանգստի և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունները, ինչպես նաև կնվազեցնի սթրեսն ու գերհոգնածությունը: Աշխատողները կկարողանան ավելի շատ ժամանակ հատկացնել ինքնազարգացմանը և անձնական հարցերին: Բացի այդ, փոփոխությունը կարող է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, խթանել արտադրողականությունը և նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Իսլանդիայի և Բելգիայի օրինակները: Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունը օգուտ կբերի ոչ միայն աշխատողներին, այլև գործատուներին՝ խթանելով արտադրողականությունը և նոր կառավարման մոդելների կիրառումը:

Նաև քննարկման ընթացքում շեշտվել է, որ աշխատանքային իրավունքների խախտումները հաճախակի են: 2023 թվականին գրանցվել է 655 բողոք, հիմնականում՝ վերջնահաշվարկի չվճարման վերաբերյալ: