Հասարակություն

Հնդկաստանի 46-ամյա քաղաքացին բարձրությունից վայր ընկնելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց 18 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով ստացած «պոլիտրավմա, կատատրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Հնդկաստանի քաղաքացի, 46-ամյա Վաել Մուհամեդ Սաիդին է։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։