«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եկավ այդքան սպասված գարունը: Դեռևս, թեպետ, միայն օրացույցային: Բայց առջևում անխուսափելի անցումն է ձմռանից ամառ, ինչը նշանակում է, որ գարնանային գործընթացներն աստիճանաբար արագություն կհավաքեն: Ընդ որում, այս ամենը մեծապես կախված է կլիմայական գոտուց և ուղեկցող սինոպտիկական պայմաններից:
Այսպես, ի՞նչ է գարունը:
Սա պայմանական անցումային եղանակ է ձմռան և ամառվա միջև՝ մարտ, ապրիլ, մայիս Հյուսիսային կիսագնդում, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր՝ Հարավային:
Աստղագիտական գարուն սա գարնանային գիշերահավասարի և ամառային արևադարձի միջև ընկած ժամանակահատվածն է. Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ից հունիսի 21-ը, Հարավային կիսագնդում՝ սեպտեմբերի 23-ից դեկտեմբերի 22-ը։
Կլիմայական գարուն՝ դա անցումն է ձմռան և ամառվա միջև, որը բնութագրվում է միջին տարեկան ընթացքում ջերմաստիճանի արագ աճով։ Դրանց կարող են վերաբերվել տարվա որոշակի ամիսներ՝ կախված տարածաշրջանի կլիմայական պայմաններից։ Բևեռային լայնություններում գարունը կարճատև է, արևադարձային լայնություններում՝ աննկատելի։
Սինոպտիկական գարուն՝ ձմռան և ամառվա միջև անցումն է, որը տարբեր տարիների սկսվում և ավարտվում է տարբեր ժամանակներում և բնութագրվում է մթնոլորտային պրոցեսների որոշակի ռեժիմով։ Հատկապես բնորոշ է մայրցամաքներում միջին լայնություներում գերակշռող բարձր ճնշման վերացմամբ և ցիկլոնային գործունեության ուժեղացմամբ։
Ֆենոլոգիական գարուն, որի սկիզբն ու ավարտը որոշվում են ֆենոլոգիական բնութագրերով (թռչունների ժամանում, տերևների բացում, բույսերի ծաղկում), որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր տարածաշրջանի համար տարբեր ժամանակներում: