Հասարակություն

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կվերանորոգվի ԵՊՀ գրադարանի նախասրահը

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 105-ամյակը նշանավորվել է համագործակցության նոր կարևոր քայլով. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրել են նվիրաբերության պայմանագիր: Ըստ այդմ՝ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

««Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ներդրումը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև առանձնահատուկ ուշադրություն՝ ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու գործում։
Նախագծի իրագործման համար հիմնադրամի նախատեսած 500,000 ԱՄՆ դոլար նվիրատվությունը հնարավորություն կտա հիմնանորոգելու գրադարանի նախասրահը՝ առաջին հարկը, արդիականացնելու լուսավորության համակարգը և տեղադրելու ապակեպատ տանիք՝ ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար ստեղծելով նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը, շնորհակալություն հայտնեց Իզմիրլյան ընտանիքին և բարեգործական հիմնադրամին՝ նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։

«Այսօր մեկնարկում ենք այն նախաձեռնությունը, որի իրականացմանը երկար ենք սպասել։ Յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է երազանքից. մենք ունեցանք այս երազանքը, այն ձևակերպեցինք և հանձնեցինք թղթին. այսօր տեսնում ենք արդյունքը։ Նախագծի իրագործման կարևոր բաղադրիչներից է նաև կահավորումը, որի իրականացման պարտավորությունը ստանձնել է ԵՊՀ-ն: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի մեծ շուքով կկազմակերպվի գրադարանի առաջին հարկի բացումը։

Ռեկտորի խոսքով այս աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ ուսանողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնեն գրադարանում՝ ուսումը, ընթերցանությունը, գիտական աշխատանքը ժամանակակից միջավայրում կազմակերպելու համար։