Հասարակություն

Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մասնակցել է Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որը, նախարարի գնահատմամբ, կարևոր նախաձեռնություն է մեր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։

«Այս ֆոնդը մեծ հնարավորություն է հայաստանյան ստարտափների համար, ինչպես նաև հստակ ազդակ միջազգային ներդրողների համար՝ բացահայտելու մեր երկրի նորարարական ներուժը։ 2024-ին միայն ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 միլիարդ դրամ (ՊԵԿ-ի տվյալներով), իսկ բարձր տեխնոլոգիական ոլորտի արտադրության որոշ ուղղությունների ներառմամբ՝ այն գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը։

Այս շարունակական աճը ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է՝ ներգրավելով նոր գաղափարներ, տաղանդներ և ներդրումներ։ Վենչուրային հարթակներն առանցքային դեր ունեն այս գործընթացում՝ աջակցելով ստարտափներին՝ արագ աճելու և գլոբալ շուկաներ դուրս գալու հարցում։ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել տեխնոլոգիական համայնքին, քանի որ հենց այստեղ է մեր տնտեսության իրական ուժը»,- գրել է նա։