Հասարակություն

Արգելափակումից դուրս են բերվել 471 տրանսպորտային միջոց

Փետրվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևան, Դիլիջան, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Ապարան, Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Աշոցք, Սարուխան, Քուչակ, Ալագյազ, Ռյա Թազա, Նորատուս, Հարթաշեն գյուղերում, Գեղարոտ-Ջամշլու, Հրազդան-Քաղսի, Գորիս-Շինուհայր, Գավառ-Մարտունի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 39 տրանսպորտային միջոց և 81 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, իսկ հանրապետության ավտոճանապարհներին իրականացված շրջայցերի և հերթապահությունների արդյունքում արգելափակումից դուրս են բերվել 471 տրանսպորտային միջոց և 557 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն: