Հասարակություն

Վերահսկողություն կունենան գույքի օտարումների նկատմամբ

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն ստացավ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակմանն իր էական մասնակցությունն է ունեցել Արդարադատության նախարարությունը:

Նախագծի նպատակն է հանրային վերահսկողություն սահմանել այն գույքերի օտարումների նկատմամբ, որոնք ՀՀ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպությունները ժառանգություն են ստացել ԽՍՀՄ ժամանակաշրջանից՝ որպես այն ժամանակ հասարակական միավորումներին հատկացված գույքեր, սակայն 2005թ. հողային բարեփոխումների արդյունքում նման հանրային օբյեկտների նկատմամբ իրավունքները փոխանցվել են այդ կազմակերպություններին:

Օրենքի փոփոխությունների ընդունումից հետո նման կազմակերպությունների անդամները և ընդհանրապես հասարակությունը հնարավորություն կունենա հանրային վերահսկողություն ունենալ այդ գույքերի օտարումների և նվիրատվությունների նկատմամբ: Մասնավորապես, կազմակերպությունները նման գործարքների իրականացումից առաջ պարտավոր են լինելու այդ մասին հանրային քննարկումներ անցկացնել e-draft հարթակի միջոցով, ստանալ իրենց անդամների առնվազն 2/3-ի համաձայնությունը նման գործարքների համար, իսկ գույքի վաճառքը հնարավոր կլինի իրականացնել միայն բաց հրապարակային աճուրդների միջոցով:

Փոփոխությունների արդյունքում ժամանակին հանրային սեփականություն հանդիսացած և այժմ հասարակական կազմակերպությունների ականոնադրական նպատակներին ծառայող գույքերի օտարումները կմնան հանրության ուշադրության տիրույթում: