Հասարակություն

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում նախատեսված են շինարարական աշխատանքներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։
Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու։

Չշահագործվող, լքված շենքում վերջին տարիներին ինքնակամ բնակություն էր հաստատել ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 40 հայրենակից․ նրանցից շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձինք ուղեգրվել են խնամքի կենտրոններ, նախարարության առաջարկով ընտանիքների մի մասը տեղափոխվել է Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Մարալիկում գտնվող սոցիալական կացարաններ, ոմանք էլ նախընտրել են ապրել վարձակալությամբ տներում։

Այս պահին շենքում մնացել է 12 անձ, որոնց ևս առաջարկվել են առավել ապահով ու արժանապատիվ պայմաններ։ Նրանցից մեկն առաջիկա օրերին կտեղափոխվի Աբովյանում գտնվող սոցիալական բնակֆոնդ։

Ընտանիքներից մեկը՝ 8 անձից բաղկացած, պատրաստվում է տեղափոխվել վարձակալությամբ ապրելու (կարող են դիմել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին), մյուս 3 անձանց հետ քննարկվում են տեղափոխման հնարավոր տարբերակները։

Շենքից տեղափոխվելուց հետո հայրենակիցները կկարողանան օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված սոցիալական աջակցությունից»։