Հասարակություն

Առանց վարորդական իրավունքի վկայականի, ոչ սթափ վիճակում վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մադո Վարդանյանը իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով «Opel Combo»-ի վարորդ Մ․ Վարդանյանը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ավտոմեքենայի անվադողերը եղել են ամառային։