Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հոբելյանի կապակցությամբ Նարա Շլեպչյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեծարգո՛ տիկին Շլեպչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ։
Իրավացիորեն պետք է նշել, որ Ձեր անունը հայկական հեռուստատեսության խորհրդանիշներից մեկն է, որով ապրել ու կրթվել է մի ամբողջ սերունդ։ Անուրանալի են Ձեր ջանքերն ու ներդրումը հեռուստատեսության կայացման, որակական չափանիշների սահմանման ու Ձեր կերպարով օրինակելիության թելադրման գործում։ Լինելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը՝ Դուք այսօր էլ ուղենշային դեր ունեք նոր ժամանակներում նոր սերունդների՝ հեռուստատեսության ոլորտում կայանալու գործում։
Սիրելի՛ տիկին Շլեպչյան, Ձեր ժառանգած փորձն ու գիտելիքը հիմնաքարային են մի ամբողջ համակարգի համար։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական եռանդ ու նոր ներշնչանքներ»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում։