Հասարակություն

ՔԿ նախագահի տեղակալը հանդես է եկել թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցով

Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցել է նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ելույթի ընթացքում հանդես է եկել թրաֆիքինգի, կիբեռհանցագործության, ընտանեկան բռնության վերաբերյալ զեկույցներով:

Մասնավորապես՝ Արթուր Նահապետյանն անդրադարձել է թրաֆիքինգի գործերի հաջողված քննության դեպքերին, թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկման բարձրացման, տուժած անձանց պաշտպանության և աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքներին, կիբեռհանցավորության դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթներով տարեկան հաշվետվություններին:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կարևորել է նաև Եվրոպական միության տարբեր ծրագրերի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ վերապատրաստման դասընթացները, միջազգային համագործակցության արդյունավետությանն ուղղված աշխատաժողովները և ճանաչողական այցերը:

Սկզբնաղբյուրը՝ mfa.am կայքում: