Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար»,- գրել է նա:
Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։
«Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորի կողմից առաջարկված բանաձևը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը, նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն»,- ասվում է հաղորդագրությունում։