Հասարակություն

«Հնարավոր է, երբ դառնում է հմտություն»․ Փաշինյանը՝ խաղաղության մասին

Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրական Հայաստանի մասին գաղափարախոսությունը ներկայացնելիս։ 

«Խաղաղությունն արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ:

Խաղաղությունն, առաջին հերթին, տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունն, առաջին հերթին, արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա համաշխարհային:

Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ: Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է:

Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ»,- ասել է վարչապետը: