Հասարակություն

Հրազդանի կիրճում տեղի ունեցածի առթիվ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարույթ

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանել է Radar Armenia-ի հարցմանը, որը վերաբերում է Հրազդանի կիրճի՝ դեպի Զովունի գնացող հատվածում հասունացող բնապահպանական աղետին։ 

«Ի պատասխան Ձեր 2025 թվականի փետրվարի 10-ի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ուղղված հարցմանը, կապված Զովունի գյուղի վարչական տարածքում (Հրազդանի կիրճ) շինարարական թափոնների տեղադրման փաստի հետ, հայտնում եմ, որ նշվածի վերաբերյալ 2023 թվականին Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասը Դավիթաշեն-Զովունի ավտոճանապարհի աջակողմյան հատված, Հրազդանի կիրճ սեփականության իրավունքով (կադաստրային ծածկագիր՝ 077-029-014-0005, մակերես՝ 9,577 հա) պատկանում է Զովունի բնակավայրի բնակիչներ՝ Հունան Սերժիկի Ավետիսյանին և Վահրամ Դավիթի Ավետիսյանին, որոնց կողմից նշյալ տարածքում իրականացվել են հողագրունտի տեղադրման և հարթեցման աշխատանքներ:

Անհրաժեշտություն էր առաջացել կատարել չափագրման աշխատանքներ, ինչի արդյունքում պարզվել էր, որ շինարարական թափոններ են տեղադրվել նաև վերոնշյալ հողամասին հարակից ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքի՝ գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակավայրերի նշանակության հողամասերի վրա:
Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվել է հողերի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, և նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար: 

Վերոնշյալ հարցի կարգավորման համար գրություններ են ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան և Եղվարդի համայնքապետարան: Ինչ վերաբերում է Ձեր կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին սոցցանցում հրապարակված տեղեկատվությանը, նշված փաստով Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ»։

Հայկ Մագոյան