Հասարակություն

Երբ է զարգանում ալկոհոլային դելիրիումը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Ալկոհոլային դելիրիումը (հաճախ հայտնի` որպես «Սպիտակ տենդ») կարող է զարգանալ ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց մոտ՝ ալկոհոլի օգտագործումը կտրուկ դադարեցնելու կամ կրճատելու դեպքում։ Այն սովորաբար ի հայտ է գալիս վերջին անգամ ալկոհոլ ընդունելուց 2-5 օր անց։

Այն զարգանում է`

  • երբ օրեր/շաբաթներ տևող ալկոհոլի չարաշահման հետևանքով օրգանիզմի ինտոքսիկացիայի և հյուծման արդյունքում այլևս հնարավոր չի լինում գործածել ալկոհոլ,
  • երբ որևէ հիվանդության կամ խանգարման պատճառով պարտադրված դադարեցնում են օրեր, շաբաթներ տևող ալկոհոլի չարաշահումը:

Ալկոհոլային դելիրիումին բնորոշ են`

  • գիտակցության խանգարումը,
  • տեղի և ժամանակի նկատմամբ ապակողմնորոշված վիճակը,
  • տեսողական և լսողական ցնորքները,
  • ցնորային ապրումները,
  • քրոնիկ հիվանդությունների սրացումը կամ այլ հիվանդությունների զարգացումը,
  • այլ հոգեախտաբանական ախտանշաններ։

Ալկոհոլային դելիրիումն ալկոհոլից կախվածություն ունեցող մարդու կյանքի համար վտանգավոր վիճակ է, պահանջում է շտապ թմրաբանական օգնություն:

Ալկոհոլային դելիրիումի առկայության դեպքում պացիենտների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում` շուրջօրյա 24/7 ռեժիմով:

Խորհրդատվության համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով»։