Գեղեցկության սրահ գնալը հաճախ համարվում է հաճելի. մարդիկ սովորաբար այստեղից հեռանում են նոր սանրվածքով, գեղեցիկ հարդարված մազերով և ժպիտով: Բայց երբեմն սա կարող է վերածվել առողջության համար լուրջ սպառնալիքի, գրում է The Independent-ը։
Գեղեկցության սրահում մազերը լվանալը կարող է առաջացնել, այսպես կոչված, գեղեցկության սրահի կաթվածի համախտանիշ (BPSS): Որոշ մարդկանց համար վարսավիրանոցում մազերը լվանալը կարող է հանգեցնել հոսպիտալացման:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ սրահներում մազերը լվանալու համար օգտագործվող լվացարանների մոտ անհարմար անկյան տակ նստելը կարող է առաջացնել պարանոցի ցավ, վնասվածք և, շատ հազվադեպ դեպքերում, նույնիսկ կյանքին սպառնացող ինսուլտ», - ասվում է հոդվածում:
Գեղեցկության սրահի կաթվածի համախտանիշն առաջին անգամ հայտնաբերվել է 1993 թվականին՝ ամերիկացի նյարդաբան Մայքլ Վայնտրաուբի կողմից։ Նրա որոշ հիվանդների մոտ ի հայտ են եկել ինսուլտի հետ կապված ծանր ախտանիշներ՝ վարսավիրանոց այցելության ժամանակ մազերը լվանալուց հետո:
Մազերը լվանալու ժամանակ հաճախորդներին սովորաբար խնդրում են նստել և գլուխը դնել հատուկ լվացարանի եզրին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գլխի և պարանոցի չափից ավելի շփումը լվացարանի կոշտ եզրի հետ BPSS-ի հիմնական պատճառն է:
Այս համախտանիշն առավել հաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր կանանց մոտ, հայտնում է պարբերականը: Ռիսկի գործոնները ներառում են արյան անոթների նեղացումը կամ նոսրացումը և ողնաշարի ողերի արթրիտը: Այնուամենայնիվ, վարսավիրանոցում մազերի լվացման հետևանքով առաջացած ինսուլտը կարող է պատահել ցանկացածի հետ՝ անկախ տարիքից և առողջական վիճակից։