Հասարակություն

Պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը

Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7.40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։

Հաղորդում է ներկայացրել նաև «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների արդյունքում ստացել է մարմնական վնասվածք։

Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Հիշեցնենք՝ Radar Armenia-ն ավելի վաղ հայտնել էր, որ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։