Հասարակություն

ՀՀ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։

Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։

Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։

Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ իջել է թվային ռենտգեն հետազոտման սարքերի կողմից առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ հավասարվելով ֆլյուորոգրաֆ սարքի կողմից առաջացվող ծանրաբեռնվածությանը։ Նույն միտումը դիտվում է նաև համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում։