Հասարակություն

Ինչպե՞ս կանխարգելել շագանակագեղձի հիվանդությունները

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Շագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգի գեղձային օրգան է, որը կարևոր դեր է խաղում միզասեռական համակարգի բնականոն գործունեության պահպանման գործում: Շագանակագեղձի հիվանդությունները տարածված են հատկապես 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Հիվանդությունների վաղ հայտնաբերումը կարևորագույն նշակություն ունի ինչպես արդյունավետ բուժման, այնպես էլ` բարդությունների կանխարգելման համար:

Որո՞նք են շագանակագեղձի հիմնական հիվանդությունները․

Շագանակագեղձի բարորակ գերաճ (BPH), որը կապված չէ քաղցկեղային փոփոխությունների հետ:

Ախտանիշներն են.

  • հաճախամիզություն` և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին,
  • դժվարամիզություն, հատկապես միզարձակության սկզբում,
  • մեզի շիթի թուլացում,
  • ընդհատվող միզարձակություն ,
  • միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացում։

Ռիսկի գործոններն են․

ժառանգականությունը, տարիքը, հորմոնալ փոփոխությունները, կենսակերպը։

Շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), որը կարող է լինել սուր կամ քրոնիկ:

Ախտանիշներն են.

  • ցավեր որովայնի ստորին հատվածում,
  • ցավոտ միզարձակություն,
  • դող-սարսուռ, մարմնի ջերմության բարձրացում (սուր պրոստատիտի դեպքում)։
  • Շագանակագեղձի քաղցկեղ, որը զարգանում է շագանակագեղձի հյուսվածքներից:

Ախտանիշներն են․

  • դժվարամիզություն (թույլ արտահայտված վաղ փուլերում),
  • արյան առկայություն մեզի կամ սերմնահեղուկի մեջ,
  • ոսկորային ցավ, ընդհանուր թուլություն (ուշ փուլերում)։

Ռիսկի գործոններն են.

  • 50 տարեկանից բարձր տարիք,
  • ժառանգականություն,
  • ճարպակալում:

Ինչպե՞ս կանխարգելել շագանակագեղձի հիվանդությունները

  1. Առողջ ապրելակերպ. կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, բանջարեղենով, մրգերով և բջջանյութով հարուստ հավասարակշռված սնունդ:
  2. Սահմանափակել ալկոհոլը, չծխել, խուսափել մրսածությունից։

Կանխարգելիչ միջոցառումների իրականացումն առանցքային դեր ունի տղամարդու առողջության պահպանման գործում»: