Հասարակություն

ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՀՀ ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը

ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՀՀ ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։

«Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև վարժանքի սցենարից բխող այլ գործառույթներ։

Պատվիրակությունը ծանոթացել է անձնակազմի տեղակայման պայմաններին և դիտարկել զորավարժության ընթացքը։

ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ումրշատյանը շրջայց է կատարել ՌՈ ստորաբաժանման անձնակազմի ծառայության իրականացման տեղամասերով։

Կազմակերպված ամփոփիչ քննարկումների ընթացքում զորավարժության ղեկավարությունը և ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության ու փոխգործակցության կազմակերպման մակարդակը»,-սոցցանցի իր էջում գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական