Հասարակություն

«Այս պահին Ստեփանավանի հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի». մարզպետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։

«Նախ մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց եմ կատարել թաղամասում, այցելել եմ նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչները։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։
Այնուհետև այցելել եմ հյուրանոց, որտեղ տեղակայվել են տարհանված բնակիչները։ Զրուցել եմ նրանց հետ, ծանոթացել պայմաններին։

Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ անցկացրել եմ խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը զեկուցել է հրդեհից հետո իրականացված աշխատանքները, ձեռնարկված քայլերը տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ։
Այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։ 13 բնակիչ իրենց ցանկությամբ գտնվում են իրենց հարազատների տանը։ Բոլորն ապահովված են սննդով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։

Խորհրդակցության ընթացքում շնորհակալություն եմ հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տվել եմ մի շարք հանձնարարականներ՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ միջնաժամկետ անելիքների վերաբերյալ»,-գրել է նա։