Հասարակություն

Ստեփանավանում հրդեհի հետևանքով կա մեկ զոհ

Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են․

Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում:

Օպերատիվ կերպով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 8 մարտական հաշվարկ: Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանվել են բնակիչները, նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օպերատիվ կերպով իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։

Տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:

Իրականացվող բոլոր աշխատանքները գտվում են հսկողության ներքո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։