Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը 35-ամյա Աղասի Ա․-ն է։Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք սուր կտրող, ծակող առարկան հայտնաբերելու, ինչպես նաև «Mazda 3»-ի սեփականատիրոջ ինքնությունը ճշտելու ուղղությամբ։