ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը
Կառավարության ծրագրի և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից են:
Կամավոր ատեստավորման արդյունքում ավելի քան 6100 ուսուցիչ ստանում է բարձր աշխատավարձ
2023-2024 թվականներին բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակելու աշխատանքը
Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով 49 ուսուցիչ այժմ պետական բյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում. «2024 թվականին 285 ուսուցիչ արդեն իսկ ստացել է տարակարգ՝ նախորդ տարվա ցուցանիշը լավարկելով շուրջ 2,8 անգամ՝ արդյունքում նաև ավելացնելով իր վարձատրությունը 10-50% հավելավճարով: Ներկայում տարակարգ ունեցող և համապատասխան վարձատրություն ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»,- ներկայացրել է նախարարը:
Բնագիտական և ՏՏ առարկաներ դասավանդող 8200 ուսուցիչ ստանում է 25% հավելավճար:
Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցի 3100-ից ավելի ուսուցիչ ստանում է 50% հավելավճար:
2024 թ. ուսուցիչների խրախուսման ծրագրերին 8,9 մլրդ դրամ է հատկացվել, 6,5 %-ով ավելացել է ընդհանուր ֆինանսավորումը:
Տարակարգի համար պահանջվող փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային համակարգով:
1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: