Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած ազատազրկվածների ինքնասպանությունների, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումները: Նրանք անդրադարձել են անազատության պայմաններում գտնվող հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների գնահատմանը, պատշաճ բուժսպասարկման իրականցմանն ու պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողներին ազատություն վերադարձնելուն առնչվող հիմնախնդիրներին: Հանդիպմանը քննարկվել են առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների իրականացման խորքային պատճառները:
Զրուցակիցները միակարծիք են եղել առողջական սպասարկման իրականացման համար նախատեսված առկա պայմանների բարելավմանն ուղղված քայլերի հաջորդականության հարցում, ինչպես նաև կարևորել են ընդհանրական մոտեցումների սահմանումը քաղաքացիական բուժկենտրոններում ազատազրկվածների անվտանգային հարցերի վերաբերյալ:
Ծավալուն անդրադարձ է եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված շուրջ 100 մահճակալային ֆոնդ ունեցող նոր բուժկենտրոնին, որտեղ ցուցաբերվելու է ամբողջական բուժօգնություն, միայն նեղ մասնագիտական միջամտության կարիք ունեցող ազատազրկվածները տեղափոխվելու են համապատասխան քաղաքացիական բուժկենտրոններ: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկություներով այս պահին ընթանում են «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնի կահավորման և վերազինման աշխատանքները, նախատեսվում է այն գործարկել գարնանը:
Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու գերատեսչությունների համապատասխան աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է բուժօգնության տրամադրման և դրան առնչվող հարցերին. այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները և կարիքները քննարկելու նպատակով հանդիպում ունեցա գործընկերոջս` Սրբուհի Գալյանի հետ:
Արդարադատության նախարարությունում երկու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անդրադարձել ենք ազատազրկվածների բուժօգնության կազմակերպմանը, դեղապահովմանը, հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատմանը, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերին:
Առաջիկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունենալու ենք 100 մահճակալային ֆոնդ ունեցող բուժհաստատություն, որտեղ տրամադրելու ենք համալիր բուժօգնություն: Այս քայլով ազատազրկվածերի`քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխելու գործընթացը էականորեն կրճատվելու է:
Նշեմ, որ այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնը վերազինման փուլում է, շահագործվելու է գարնանը»: