ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Դրա ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Օրենքի հեղինակ պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը: Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար:
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչև երկրորդ ընթերցում դրանք ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:
Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: