Հասարակություն

Կարևորվել է հայ զինվորների ռազմական վերապատրաստումը Հունաստանում

Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի տանն» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բաձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված երկու տասնյակից ավելի դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարարական գործիչներ և հունահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընդունելության մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը։ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 33-րդ տարելիցը՝ նշելով, որ Հայոց բանակը հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և անկախության կարևորագույն գործոններից մեկը և որքան ինքնաբավ և ուժեղ է բանակը, այդքան ուժեղ և ինքնաբավ է պետությունը։ Դեսպանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն են ուղղված զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ծրագրերը։

Վկայակոչելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբերի միջև ձևավորված ամուր հարաբերություններին և վերջին տարիներին է՛լ ավելի մեծ մասշտաբներ ներառող համագործակցությանը՝ սկսած պարբերական բնույթ կրող բարձր մակարդակի հանդիպումներից մինչև զորավարժանքներ և վերապատրաստման հատուկ դասընթացներ։ Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությանը։ Նա նշանակություն է տվել նաև արդեն երկար տարիներ հայ զինվորների ռազմական վերապատրաստմանը Հունաստանի ռազմական ակադեմիաներում։

Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնեց Գլխավոր շտաբին և ԱԳՆ-ին՝ Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում հեղեղումների պատճառած վնասներին հասցեագրման Հայաստանի խնդրանքին ընդառաջելու և երեք կամուրջ Հայաստանին տրամադրելու համար։ Օրվա նշանաբանի ներքո դեսպանն անդրադարձել և հարգանքի տուրք է մատուցել անմահության ճանապարհը բռնած նահատակ զինվորականների և կամավորների հիշատակին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանին, ով հանդիսանում էր Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի շրջանավարտ։ ՀՀ դեսպանը նաև հիշատակել է 1994թ․ զոհված Արմեն Սաղոյանի ընտանիքի կորստին՝ գնահատելով հարազատների ներկայությունը միջոցառմանը։

«Խոսքիս ավարտին կցանկանայի նշել, որ հրավիրել ենք հունահայ կոմպոզիտոր Միրան Ցալիկյանի «Նոստալգիա» փողային նվագախմբին՝ ներկայացնելու մի շարք հայկական ստեղծագործություններ, որոնցից առաջինը կլինի 1970-ական թվականներին հայ մեծանուն ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Երազ իմ երկիր» երգը, որը Հայոց ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում ապրող Հայրիկի տուրքն է երազելի իր հայրենիքին։ Այդ ժամանակ նա չէր պատկերացնում, որ «երազի երկիր Հայաստանն» անկախ հանրապետություն կդառնա 1991թ․ և որ իր այդ երգը Հայաստանի զինված ուժերի օրհներգը կդառնա։ Որպեսզի մեր երկիրը նորից չվերածվի «երազ իմ երկրի», մեր պարտքն ու պարտականությունն է անել ամեն բան, որպեսզի պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այս սրբազան առաքելության առաջին իրագործողը Հայաստանի Զինված ուժերն են»,- ասել է դեսպանը։

Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ նշելով զիված ուժերի ռազմական կրթությունից մինչև նոր ռազմական համագործակցության ուղղությունների ընդլայնման գործընթացը, որը վերակառուցում է ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված ուղենիշները։ ՀՀ ռազմական կցորդը նշել է նաև, որ այս բոլոր բարեփոխումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ունենալ հզոր բանակ, որը կարող է պաշտպանել և պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Ռազմական կցորդը նշել է բազմակողմ բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկեր երկրների դերը՝ հատկանշելով Հունաստանին առաջնային այս համատեքստում։ Ամփոփելով իր խոսքը՝ ռազմական կցորդը Հունաստանի հետ համագործակցությունը համարել է որպես համագործակցություն առանց սահմանների. համագործակցություն, որտեղ «ոչ» բառը գրեթե բացակայում է։ Այնուհետև երաժշտական կատարումներով է հանդես եկել «Նոստալգիա» անսամբլը, որին հաջորդել է ընդունելություն։