64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ, մտավորական ու մեծ հայրենասեր Արմեն Արամի Կիրակոսյանը։
Արմեն Կիրակոսյանը 1993-1995 թվականներին եղել է թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ 1995-1997 թվականներին՝ արդյունաբերության նախարարի տեղակալ:
1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և աշխատել մինչև 1999 թվականը՝ լինելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Արմեն Արամի Կիրակոսյանն ակտիվ հասարակական գործիչ է եղել՝ զբաղեցնելով հայ-իրանական և հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոնները, ինչպես նաև մասնակցելով հայ-ռուսական և հայ-ուկրաինական խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին:
1997-2001 թվականներին եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարը:
1982 թվականից անդամակցել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Այրուձի» հեծյալ ակումբին՝ նշանակալի ավանդ ունենալով հայկական ազգագրական երգ ու պարի և հեծյալ խաղերի վերածնմանն ու հանրայնացմանը:
Արմեն Կիրակոսյանի ջանքերով նոր կյանք է ստացել հայկական ավանդական մշակույթի նշանավոր գոհարներից մեկը՝ ստվերների թատրոնը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժամը 17:00-20:00 «Զոլեր» սգո սրահում, հասցեն՝ Գրիգոր Հասրաթյան 25/3: