Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածներից քանիսն են դիմել քաղաքացիություն ստանալու համար

Հունվարին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար  ԼՂ-ից բռնի տեղահանված 397 անձ է դիմում ներկայացրել. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից՝ նշելով, որ հունվարին ՀՀ քաղաքացիություն է ստացել 514 անձ։ 

«2025թ. հունվար ամսին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 397 ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ, 2025թ. հունվար ամսին քաղաքացիություն է ստացել 514 ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 1864-Ն որոշումն ուժի մեջ է մտել ընդունվել է 28.10.2023 թվականին, հայտնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 28-ից մինչ 30.12.2023թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 579 ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ, 2024թ.՝ 6223 ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ»,- նշել են գերատեսչությունից:

Միաժամանակ հայտնել են, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած երեխաների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասով առանձնացված հաշվառում չի վարվում, քանի որ այս դեպքում երեխաները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն ոչ թե նախագահի հրամանագրով, այլ ծնողի /ծնողների/ համաձայնությամբ՝ «ՀՀ քաղաքացիության մասի» օրենքի կարգավորումների համապատասխան, անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա: 

Հայկ Մագոյան