Հասարակություն

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: 

Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: