ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը։
«Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ենթակայության ներքո»,- ասել է Պետրոսյանը։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները։ Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել վարչապետի և մարզպետների աշխատակազմերը։
«Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ՝ այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն»,- նշել է ծառայության ղեկավարը։ Ըստ նրա՝ ծառայության լիազորությունների շրջանակում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Նախաձեռնությամբ կանոնակարգվում են որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման ընթացակարգերը։ Զեկուցողը կարևորել է այն հանգամանքը, որ առաջարկվող նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ՝ դրանով նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։