SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ 78-ամյա Գևորգ Ավդալյանը և հայտնել, որ Արթիկի պանրագործարանից գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում Գ. Ավդալյանը հայտնել է, որ հունվարի 26-ից մինչռ հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքի Գործարանային փողոցի 4-րդ հասցեում գտնվող չշահագործվող «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի շենքի պատուհանի ճաղավանդակը պոկելու, այնուհետև մուտքի դռան փականը կոտրելու միջոցով, մուտք է գործել այնտեղ և գողացել թթվասեր լցնող 2 հաստոցների մեխանիզմներ՝ իրենց էլեկտրական շարժիչներով, շշալցնող 2 հաստոցների էլեկտրական շարժիչներ՝ 2 փոխարկիչներով (ռեդուկտոր), շիշ լվացնող հաստոցի 3 հատ էլեկտրական շարժիչ, բեռ տեղափոխող հաստոցի մեկ փոխարկիչ և կարագ պատրաստելու հաստոցի էլեկտրական մեկ շարժիչ՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Գ. Ավդալյանը հայտնել է, որ ինքը «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։