Հասարակություն

«Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում»

Փետրվարի 1-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հայկական գինին միջազգային շուկաներում հանրահռչակելու համար։

«Մենք պատրաստ ենք ներգրավել բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ նպաստելու հայկական գինու ճանաչելիության աճին և մեր արտադրողների մրցունակության բարձրացմանը: Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ», - նշել է նախարար Պապոյանը։

Նախարարը հույս է հայտնել, որ 2026 թվականին «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր համտեսային մրցույթում Հայաստանը կդառնա հաղթող և մեզ կհաջողվի միջազգային հանրությանը բարձր մակարդակով ներկայացնել հայկական գինեգործության պատմությունն ու բարձր որակական հատկանիշները։

Նախարարը նաև կարևորել է կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության ծրագրերը և կոչ արել գինեգործներին օգտվել այդ հնարավորություններից՝ շուկայի ընդլայնման և վաճառքների ծավալի ավելացման նպատակով։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման գլոբալ միտումները, գյուղատնտեսական արժեշղթայի կառավարման համակարգերը, ինչպես նաև սննդի անվտանգության օրենսդրական պահանջներն ու աջակցման հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուն, միջազգային կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։