Հունվարի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Mercedes G և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորներն ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: