ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1,5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքն ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու արդյունքում:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: