ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Հունվարի 29-ին պատգամավոր Մերի Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության իրականացման, մինչդատական և դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՆԳ նախարարությունից, Քննչական կոմիտեից:
Մերի Գալստյանի խոսքով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման և քննության գործընթացներում խնդիրների մասին ահազանգում են թե' քաղաքացիները, թե' կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Պատգամավորի դիտարկմամբ իրավապահ մարմիններն այս գործերով քննությանն առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն, քանի որ կենդանու հանդեպ դաժանությունն ուղղակիորեն կապված է հանրային անվտագնության խնդրին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 41 դեպք: 41-ից 10 դեպքերի վարույթը կարճվել է, 3 գործ ուղարկվել է դատարան, 28-ով նախաքննությունը շարունակվում է: «Արձանագրված 41 դեպքերից հասարակական հնչեղություն ունեցող Արարատի մարզում տեղի ունեցած դեպքին վերաբերող գործը: 2025 թվականի հունվարի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը:
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել քննարկում նախաձեռնելու համար` կարևորելով հարցերի, խնդիրների գույքագրումը: Ընդգծելով հանրության հետ հաղորդակցության կարևորությունը` մասնակիցները նշել են, որ քննարկվող օրենքների նախագծերի ընդունումը կորոշակիացնի իրավական դաշտը: Պատգամավոր Ջուլիետա Ազարյանն ընդգծել է դպրոցներում արշավների կազմակերպման անհրաժեշտությունն ու կենդանիների նկատմամբ վարվեցողության կանոնների ուսուցանումը: Մերի Գալստյանի դիտարկմամբ կենդանիների նկատմամբ մարդասիրական և քաղաքակիրթ վերաբերմունքի նոր մշակույթ է ներդրվում: Այս համատեքստում պատգամավորն արժևորել է իրազեկման արշավների կազմակերպումը: Իսկ օրենսդրական փաթեթի ընդունման և կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողությունների քանակը և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: