2024 թվականին Հայաստանում տարեկան գնաճը, ըստ վիճակագրական կոմիտեի, կազմել է 1.5%։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները դեկտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 2%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 2.3%-ով։ Առավել նկատելի թանկացում է արձանագրվել բանջարեղենի (9.7%) և յուղերի (9.7%) խմբերում։ Թեյի գինը բարձրացել է 4.3%-ով, սուրճինը՝ 16.2%-ով, շոկոլադինը՝ 6.6%-ով։
Միաժամանակ, որոշ ապրանքներ էժանացել են․ մասնավորապես, տավարի միսը՝ 1.6%-ով, խոզի միսը՝ 4.0%-ով։ Հացի, ձավարեղենի և մակարոնեղենի գներն, ընդհանուր առմամբ, մնացել են կայուն՝ չնչին տատանումներով։
Թանկացել են նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքները։ Այս խմբում տարեկան գնաճը կազմել է 3.8%։ Ամենամեծ փոփոխությունը գրանցվել է օղու շուկայում՝ 9.5% թանկացում։ Գարեջրի գները բարձրացել են 3.3%-ով, մինչդեռ գինին էժանացել է 1.5%-ով։
Հագուստի և կոշիկի ոլորտում գները նվազել են 2.6%-ով։ Մասնավորապես, հագուստը էժանացել է 3.4%-ով, իսկ կոշիկը՝ 1.2%-ով։
Առողջապահության ոլորտում տարեկան գնաճը կազմել է 3.2%, հիմնականում՝ դեղագործական ապրանքների 3.5% թանկացման հաշվին։
Կրթական ծառայությունների ոլորտում գրանցվել է 7.8% գնաճ, ընդ որում՝ բարձրագույն կրթության վարձավճարները բարձրացել են 7%-ով։
Տարվա ընթացքում հյուրանոցների և ռեստորանների ծառայությունների գները բարձրացել են 1.4%-ով։
Ա.Գ.